Սևյանի անվան մշակույթի պալատի վերանորոգման հեռանկարն արդեն իրատեսական է

15:53, 19 Փետրվար, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցիների համար շատ սիրելի «Սևյանի ակումբի» վերանորոգումն արդեն իրատեսական է: Վերանորոգման արդյունքում հանրապետության երկրորդ քաղաքը կունենա եզակի համերգասրահ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մամլո պատասխանատու Աննման Մինասյանը՝ փաստելով, որ փետրվարի 17-ին վիրտուոզ Միխայիլ Սիմոնյանը և «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի համանախագահ Լևոն Սարգսյանը ստորագրել են համաձայնագիր՝ Գյումրիում ժամանակակից մշակույթի կենտրոնի կառուցման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
«ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի 20-ամյակի հանդիսավոր միջոցառմանը ներկա գտնվողները լավ են հիշում, որ հենց դրամատիկականի բեմից ռուսաստանցի հայազգի վիրտուոզ երաժիշտ Միխայիլ Սիմոնյանը խոստացավ, որ կֆինանսավորեն Գյումրու Սևյանի անվան մշակույթի պալատի վերանորոգումը: Միգուցե շատերի մոտ էլ թերահավատություն կար՝ տարիներ շարունակ լսել են նման խոստումներ: Սակայն, աշխարհահռչակ վիրտուոզը մրցույթ-փառատոնի շրջանակում գալով Գյումրի ու տեսնելով, որ նման մասշտաբի փառատոնը համերգասրահ չունենալու պատճառով տեղի է ունենում դահլիճներում, վստահ որոշել էր գնալ մինչև վերջ»,-նշում է Աննման Մինասյանը՝ հավելելով, որ այս գործում մեծ է Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կարինե Ավդալյանի դերը:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am