Իտալիայում 27 մարդ ձերբակալվել մաֆիայի հետ կապերի կասկածանքով. Rai News 24

12:45, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի իրավապահ մարմինները լայնածավալ հատուկ գործողություն են անցկացրել «Նդրանգետա» մաֆիական խմբավորման դեմ, որը գործում Է Իտալիայի Կալաբրիա հարավային մարզում: Ինչպես փետրվարի 19-ին հայտնել Է հեռուստաալիքը, ձերբակալվել Է 27 մարդ, կալանք Է դրված ավելի քան 100 մլն եվրո գումարի ունեցվածքի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ գործողությունը փետրվարի 19-ի վաղ առավոտյան կարիբիներների եւ ֆինանսական ոստիկանության աշխատակիցների ուժերով իրականացվել Է Իտալիայի մի քանի մարզերում: Ձերբակալվածները մեղադրվում են մաֆիական գործունեությանը մեղսակից լինելու, շորթումների, փողերի լվացման, ակտիվների ու միջոցների անօրինական յուրացման, հակաիրավական ֆինանսական գործունեություն վարելու, հարկային վճարումներից խուսափելու եւ ունեցվածքային ֆինանսական բնույթի այլ հանցագործությունների մեջ: Իրավապահ մարմինները կալանք են դրել ավելի քան 100 մլն եվրո ընդհանուր գումարի ունեցվածքի, անշարժ գույքի եւ բանկային հաշիվների վրա:

«Նդրանգետա»-ն համարվում Է Իտալիայի ամենաազդեցիկ ստվերային կազմակերպությունը: Հունվարին Իտալիայի եւ Գերմանիայի ոստիկանները համատեղ գործողություն են իրականացրել մաֆիական այդ խմբավորման դեմ, որի ընթացքում ձերբակալվել Է 169 մարդ, այդ թվում՝ Իտալիայի Կրոտոնեի մարզի վարչակազմի ղեկավարը եւ երկրի երեք քաղաքագլուխներ: Ձերբակալված չորս քաղաքական գործիչներ կասկածվում են այն բանում, որ խմբավորման անդամներին մունիցիպալ աշխատանքներ կատարելու կապալներ են տրամադրել ընտրարշավում աջակցություն ցուցաբերելու դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am