ՀՀ դեսպան Սադոյանը հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլիի հետ

17:52, 16 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը փետրվարի 16-ին հանդիպում ունեցավ Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլիի հետ։

Հանդիպմանը կողմերը գոհունակությամբ ընդգծեցին հայ-վրացական տնտեսական հարաբերություններում նախորդ տարի գրանցված աճը, ինչպես նաև անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական մի շարք հարցերի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Դմիտրի Կումսիշվիլին կարևորեց Հայաստանի միջոցով դեպի իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները։

Դեսպան Սադոյանն իր հերթին նշեց զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ու Վրաստանի միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտության մասին և ընդգծեց, որ վրացի զբոսաշրջիկների համար Հայաստանը զբոսաշրջային նախընտրելի ուղղություն դարձնելու հարցը գտնվում է իր մշտական ուշադրության կենտրոնում։

Անդրադառնալով զբոսաշրջության թեմային՝ նախարար Կումսիշվիլին ներկայացրեց այդ ուղղությամբ վրացական իշխանությունների կողմից տարվող ակտիվ քաղաքականությունը։

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին պարբերական դարձնել ոլորտային ուղղություններով երկկողմ շփումներն ու փորձի փոխանակումը։ 


© 2009 ARMENPRESS.am