Հայաստանը ներկայացված է Նյուրբերգում անցկացվող օրգանական սննդի առաջատար BIOFACH ցուցահանդեսում

16:20, 16 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, Եվրամիության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, փետրվարի 14-ից 17-ը ընթանում է Եվրոպայում ամենամեծ Օրգանական սննդի և խմիչքի մասնագիտացված 29-րդ ցուցահանդեսը (BIOFACH 2018), որին Հայաստանից ներկայացված են հայկական 10-ից ավելի ընկերություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բացման արարողությանը ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին ողջունել է Բավարիայի ներքին գործերի, քաղաքաշինության և տրանսպորտի նախարար Յոախիմ Հերմանը՝ ներկայացնելով Բավարիայի վարչապետ Հորստ Զեհոֆերի ուղերձը, Նյուրնբերգի քաղաքապետ Ուլրիխ Մալին և Սննդի ու գյուղատնտեսության հարցերով Գերմանիայի Դաշնային նախարարի տեղակալ Հերման Օնկո Այկենսը: Բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Փետրվարի 15-ին Հայկական տաղավար է այցելել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի ուղեկցությամբ շրջայց է կատարել տաղավարով և ծանոթացել է հայկական արտադրողների ներկայացված արտադրանքին: Քննարկվել են օրգանական սննդամթերքի ոլորտում հայ-գերմանական համագործակցության առավել խորացման հեռանկարները և այդ ուղղությամբ ջանքերի համադրման հնարավորությունը: 
 


© 2009 ARMENPRESS.am