Շողակաթ համայնքում կգործի հրշեջ կետ

14:24, 16 Փետրվար, 2018

ԳԱՎԱՌ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի տարածքում 2018 թվականի մարտ ամսից կգործի հրշեջ կետ՝ համայնքում բռնկված հրդեհների մարմանը օպերատիվ արձագանքելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, հրշեջ կետը տեղակայվելու է Արտանիշ բնակավայրում եւ սպասարկելու է համայնքի մյուս բնակավայրերին: «Հրշեջ կետը գործելու է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ենթակայությամբ: Շենքը եւ կամավորները տրամադրվել են մեր կողմից, իսկ մեքենան եւ հաստիքային երկու միավորը հատկացրել է ԱԻՆ-ը: Յուրաքանչյուր համայնքում հրդեհաշիջման կամ փրկարարական գործողություններում կներգրավվեն 8-ական կամավորներ:
Շողակաթն ընդգրկում է Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ, Շողակաթ, Աղբերք եւ Դրախտիկ համայնքները, որոնք տեղաբաշխված են Սեւանա լճի հյուսիսային ափով մեկ՝ մոտ 33 կիլոմետր երկարությամբ: Համայնքի վարչական տարածքում են գտնվում գիհու եւ կաղնու բնական ու սոճու եւ այլ ծառատեսակների անտառներ, մարգագետիններ, այգիներ, խոտհարքեր ու ցանքատարածություններ, որոնցում մեծ է հրդեհավտանգությունը հատկապես ամռան եւ աշնան ամիսներին՝ կապված զբոսաշրջության հոսքի ակտիվացման եւ չոր եղանակների հետ: Այդ վտանգների նվազեցման համար էլ կարեւորել ենք հրշեջ կետի ստեղծումը, որպեսզի կարողանանք օպերատիվ եւ նպատակային արձագանքել հրդեհավտանգ իրավիճակներին»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am