Ապրիլյան դեպքերը վկայում են, որ ԼՂ գոտում իրավիճակը պայթյունավտանգ է. Շավարշ Քոչարյանը՝ ԱՄՆ հետախուզության զեկույցի մասին

12:54, 15 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը համաձայն է ԱՄՆ հետախուզության այն գնահատականին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է: «Դա բոլորի համար ակնհայտ է: Դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլի դեպքերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարարը՝ գնահատելով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցը, որում չի բացառվում 2018 թվականին ԼՂ-ում իրադրության սրումը:

Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների: «Ինչ վերաբերվում է բանակցություններին պատրաստ լինելուն, ապա ինչի՞ մասին է խոսքը: Բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս՝ ով ինչի է պատրաստ, ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն»,- ասաց Շարվարշ Քոչարյանը՝ նշելով, որ Իլհամ Ալիևն իր ելույթով փայլուն ձևով ապացուցել է, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն անխուսափելի է:

 


© 2009 ARMENPRESS.am