«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում մեկնարկել են կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները

17:34, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում կոյուղագծերի վերականգնման աշխատանքները կեսօրից մեկնարկել են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

«Բավականին տևական ժամանակ առաջ սկսվել է այդ գործընթացը: Ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ և այսօր կեսօրվանից սկսվել են վերակառուցման աշխատանքները»,- ասաց Ղլեչյանը:

Նրա խոսքով` կոյուղագծերի վերակառուցման աշխատաքներում ներգրավված են  «Վեոլիա» ՓԲ ընկերությունը և տեղական ինքնակառավարման մարմիները:

Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում` փետրվարի 13-ին, սկանդալային միջադեպ է գրանցվել: Նիստն ընդմիջվել է «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչների գործողությունների պատճառով: Ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ: Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձեցին կանխել նիստին ներկաներն ու արձանագրվեց անգամ հրմշտոց: Նիստը ժամանակավորապես ընդմիջվեց:


© 2009 ARMENPRESS.am