Դուբայում կբացվի Ապագայի թանգարանը

13:15, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապագայի թանգարանը, որտեղ ցուցադրվելու են նախագծեր եւ հայեցակարգեր, որոնք կոչված են արմատապես բարելավել մարդկանց կենսակերպն աշխարհում, պետական եւ մասնավոր կառավարման համակարգը, ինչպես նաեւ որոշել տնտեսության եւ գիտատեխնիկական ոլորտի զարգացման վեկտորը, Դուբայում կբացվի 2019 թվականին: Այդ մասին փետրվարի 13-ին ՏԱՍՍ-ին Դուբայում հայտնել են նախագծի ներկայացուցիչները, որն իրականացվում Է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ղեկավարության կողմից, որը մասնակցում Է 6-րդ Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի (World Government Summit) աշխատանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գագաթնաժողովը նվիրված Է արդյունավետ պետական կառավարման եւ կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին: Միջոցառումը, որն անցկացվում Է Madinat Jumeirah համալիրում, մասնակցում են 140 երկրներից ժամանած 4 հազարից ավելի պատվիրակներ, ներառյալ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, աշխարհի առաջատար գիտատեխնիկական կառույցների եւ տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարության ներկայացուցիչներ:

«Թանգարանն աշխարհում խոշորագույն հարթակը կդառնա նորագույն հայտնագործությունների, ինովացիոն նախագծերի ցուցադրման համար, ինչպես նաեւ հանդիպումների, դասախոսությունների, սեմինարների եւ վարպետության դասերի անցկացման վայր կծառայի ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալների ու շահագրգիռ մարդկանց մասնակցությամբ»,-նշել են գործակալության զրուցակիցները:

Ինչպես սպասվում Է, թանգարանի ցուցադրանքի թեմաներից մեկը կդառնա «առաջիկա տասնամյակում արհեստական ինտելեկտի ազդեցությունը մարդկանց կյանքի տարբեր կողմերի վրա, տնտեսական ու գիտետեխնիկական բնագավառներում զարգացման նոր հնարավորությունների եւ հորիզոնների բացման վրա»:

Կազմակերպիչները գագաթնաժողովի անցկացման ժամանակ առանձին տաղավար են բացել, որը պատմում Է Ապագայի թանգարանի հայեցակարգի մասին: Այնտեղ ներկայացուցչական պատվիրակություն Է այցելել ԱՄԷ-ի վարչապետ եւ Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի գլխավորությամբ: «Ապագայի թանգարանը կդառնա ֆուտուրիստական նորաստեղծությունների ու դիզայնի եզակի կենտրոն: Եվ մենք մտադիր ենք ԱՄԷ-ն դարձնել ապագա զարգացման գործընթացների խոշորագույն մասնակիցը»,-լրագրողներին հայտարարել Է Դուբայի կառավարիչը:


© 2009 ARMENPRESS.am