Ռուս սահմանապահներն Արմավիրի մարզում թուրք սահմանախախտի են ձերբակալել

10:26, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հանգստյան օրերին Ախուրյան գետի  ափին (Արմավիրի մարզ) ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացու: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը և փորձել ձուկ որսալ Հայաստանի տարածքում: Րոպեներ անց նա ձերբակալվել է:

Օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածը Թուրքիայի Դիգոր գավառի Ղարաբաղ բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1995 թվականին: Նա խոստովանել է մեղքը:

Համաձայն փոխգործակցության կարգի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը տեղյակ են պահվել կատարվածի առնչությամբ:


© 2009 ARMENPRESS.am