Արմեն Սարգսյանը Գյումրիում էր. գյումրեցիները ջերմությամբ ու հուզմունքով էին հիշում նրա այցը 21 տարի առաջ

18:18, 13 Փետրվար, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջարկված  Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին այցելեց Գյումրի:
Գյումրիում Արմեն Սարգսյանի առաջին կանգառը Սբ  Աստվածածին (Յոթվերք)  եկեղեցին էր.  աղոթքն առ Աստված հնչեցնելուց հետո, հենց եկեղեցու մուտքի մոտ լսեց թոշակառուներից մեկի՝ 80-ամյա Լեւուշ Նահապետյանի  խնդիրը՝ թոշակների հետ կապված: Եկեղեցու մոտ հավաքված գյումրեցիներից շատերը,  տեսնելով  Արմեն Սարգսյանին,  հիշում էին 21 տարի առաջ նրա՝  որպես վարչապետ Գյումրի կատարած այցը:  Այդ  տարիները  նաև  Արմեն Սարգսյանի հիշողությունից չեն ջնջվել: Հենց եկեղեցու  մոտ, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ   անկեղծացավ  թեկնածուն: «Ես եկել եմ Գյումրի, որպեսզի տեսնեմ ու լսեմ: ՀՀ  նախագահի հետ հաջորդ հանդիպմանը պետք է քննարկենք հանրապետության նախագահի կողմից ինձ արված  առաջարկը, որը որպես անհատ մեծ պատիվ է, բայց պատիվից այն կողմ, կա պատասխանատվություն: Ինչքան էլ նախագահի լիազորությունները սահմանափակ լինեն, այնուամենայնիվ, նախագահը մեծ  լիազորություններ ունի՝  ոչ վարչական, այլ՝ լինելով հանրապետության նախագահ, և ես այդ պարտականությունը շատ լուրջ  եմ ընդունում:  Ես խնդրեցի ՀՀ նախագահին,  որպեսզի ինձ առիթ  տրվի քննարկել, մտածել և ծրագրել»,-իր խոսքում նշեց Արմեն Սարգսյանը:
Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ  Արմեն Սարգսյանը նաև անդրադարձավ Շիրակի մարզի խնդիրներին: «Ես գիտակցում եմ Շիրակի մարզի դժվարությունները և  միշտ  ցավով եմ գիտակցել դրանք: 1988  թվականի  ավերիչ երկրաշարժից հետո Արցախի համար սկսած մեր պայքարն ինչ-որ իմաստով ստիպեց մեզ մոռանալ Գյումրին: Սա  հսկայական  ցավ է: 1996  թվականին երբ եկա Գյումրի որպես վարչապետ, սպասում էի, որ գյումրեցիները դառնացած պետք է դիմավորեն  ինձ: Ամեն ինչի պատրաստ էի, բայց ընդունեցին ջերմությամբ, նույնիսկ տնակներ ուղեկցեցին ու  հյուրասիրեցին, գյումրեցու մեծահոգության մասին է  սա  խոսում, սա ես երբեք  մոռանալ չեմ կարող: Այս տարիների ընթացքում ես հաճախ եմ եկել Գյումրի, բայց դուք  սրա մասին չեք իմացել»,-նշեց Արմեն Սարգսյանը՝ հավելելով. «Եթե նախագահ չընտրվեմ, միևնույն է՝  Գյումրին  իմ սրտի  մեջ տեղ ունի  և շարունակելու եմ օգնել, թեև դա մեկ հոգու գործ չէ»:
Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ երկրում առկա խնդիրներից: «Մեզ համար Հայաստանից մարդկանց արտահոսքը շատ մեծ խնդիր է, նաեւ դեմոգրաֆիան, շրջաններից գալիս կենտրոնանում են Երեւանում, չնայած շրջաններում մարդիկ փայլուն են: Երկրի հարստությունը պետք է բաշխենք հավասարաչափ, բայց դա մի օրվա աշխատանք չէ, բայց անպայման պետք է հասնենք դրան»,- ասաց նա:
Թեկնածուի հաջորդ կանգառը Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղն էր: Այստեղ ևս հիշեցին 1996 թվականի այցը, երբ Արմեն Սարգսյանը, տեսնելով Գյումրիում տնակային ավաններն ու շփվելով հարազատներին կորցրած մարդկանց հետ, հազիվ էր զսպում իր հուզմունքը: Այցի շրջանակներում Արմեն Սարգսյանը եղավ նաև Գյումրու  թիվ 21 Օյունջյան վարժարանում: Այստեղ ևս կարճ հանդիպում էր մանկավարժական հանրույթի հետ: Ավելի ուշ, Գյումրու քաղաքային կենցաղի ու ժողովրդական ճարտարապետության թանգարանում ավելի երկար քննարկում տեղի ունեցավ քաղաքի  մտավորականության հետ:  Արմեն Սարգսյանը լսեց բոլորի խնդիրներն ու կարծիքները նաև  առաջարկները՝  ՀՀ նախագահ  ընտրվելու դեպքում այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ:  Այցի ընթացքում հանդիպում տեղի ունեցավ նաև գյումրեցի վարպետների հետ: Խնդիրներ  ներկայացրեցին նաև գյումրեցի դարբիններն ու շինարարները:
Արմեն Սարգսյանը Գյումրիում շրջեց, առանց մարզային ու քաղաքային իշխանությունների ուղեկցության՝ փաստելով, որ դրա կարիքը չկա,  իսկ այցի մասին տպավորությունները Շիրակի մարզպետի հետ խոստացավ կիսել միայն հանդիպումներից հետո:

[gallery id= 60317]

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am