Մարտին Վարդազարյանը Երևանի ավագանու նիստերի դահլիճից տեղափոխվել է սրտաբանական հիվանդանոց 

13:46, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու 2018 թվականի նիստում գրանցված սկանդալային միջադեպից հետո ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը տեղափոխվել է Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը: «Մարդիկ համակարգիչների առջև նստած ուրախանում են, իսկ այստեղ կոնկրետ մարդիկ վատանում են։ Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանին քիչ առաջ տարան Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկա, այնպիսի գարշահոտ էին գցել ողջ դահլիճով, հակագազ էր հարկավոր։ Այսօրվա թատրոնը բոլոր տեսակի սահմաններն անցավ»,-մասնավորապես գրել է նա:

Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել: Նիստը ընդմիջվել է «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչների գործողությունների պատճառով, որոնք իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ: Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձեցին կանխել նիստին ներկաներն ու արձանագրվեց անգամ հրմշտոց: Նիստը ժամանակավորապես ընդմիջվեց:


© 2009 ARMENPRESS.am