Հայաստանը դեռևս չի ստացել ռուսական գազի գնից ավելի մրցունակ առաջարկ

11:48, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան ռուսականն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ իրանական գազի գնի վերաբերյալ քննարկումները չեն դադարում, բայց այս պահին ամենամրցունակը Ռուսաստանից ներկրվող գազինն է: «Մշտական քննարկումները շարունակվում են, դրանք երբեք չեն դադարել: Իրանական կողմն է ասել, որ իրենք ավելի մրցունակ գին այս պահին չեն կարող առաջարկել: Մենք չունենք գազի ավելի մրցունակ գին, քան Ռուսաստանից տրվող գինն է: Ներկայում այդպես է իրավիճակը, երբ ինչ-որ բան փոխվի, դուք կիմանաք»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում  ասել էր, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանի Հանրապետությանը: «Մենք այս հարցը քննարկում ենք, եւ ես հուսով եմ, որ այս հարցում առաջընթացը շուտով կտեսնեք»,-նշել էր նա:


© 2009 ARMENPRESS.am