Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ բողոքելու համար ձերբակալված քաղաքացիների թիվը հասել է 666-ի

13:30, 12 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շարունակվում են ձերբակալություններն այն անձանց շրջանում, ովքեր բողոք են արտահայտում սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ: Ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 666-ի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության հաղորդած տվյալների համաձայն` սոցիալական մեդիայում «Ձիթենու ճյուղ» գործողության մասին գրառում կատարելու համար ձերբակալվել է 474 Թուրքիայի քաղաքացի:

Գործողության դեմ իրականացվող փողոցային բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 192 քաղաքացի:

Ձերբակալվածները մեղադրվում են «ահաբեկչության քարոզչություն» իրականացնելու հատկանիշներով:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռներ ռմբակոծել են քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:


© 2009 ARMENPRESS.am