Սեւանա լճի թռչնաշխարհի քանակությունը էապես նվազել է նախորդ ձմռան սառնամանիքների արդյունքում

21:28, 9 Փետրվար, 2018

ԳԱՎԱՌ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի թռչնաշխարհի պոպուլյացիան դեռեւս չի վերականգնվել նախորդ տարվա ձմռան խստաշունչ սառնամանիքների հետեւանքով ստեղծված ծանրագույն իրավիճակից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւան Ազգային պարկ»-ի պահպանության բաժնի աշխատակից, Թռչունների պահպանության միության Գեղարքունիքի մարզի խնամակալ Արտակ Սարգսյանը, նախորդ ձմռանը Սեւանա լճի սառցակալումը, իրենց կողմից կատարված դիտարկումների համաձայն, մոտ 40 տոկոսով կրճատել է Սեւանա լճում բնադրող թռչունների քանակությունը, իսկ առայժմ, չնայած եղանակի տաքությանը, չեն երեւում Սեւան չուի եկող թռչնատեսակները:

«Նախորդ տարիների համեմատ շատ քիչ խմբաքանակներով երեւում են կռնչան բադը, սեւ փարփարը, կարմրագլուխ սուզաբադը, մեծ սղոցակտուց բադը:2017 թվականի ձմեռը, հիրավի, կատարյալ աղետ եղավ Սեւան լճի թռչնաշխարհի համար, նույնիսկ այն աստիճան, որ հազարավոր թեւ թռչուններ ոչնչացան կամ, մեծ խմբերով կուտակվելով գետաբերաններում, դարձան կեր վայրի կենդանիների համար:

Կարծում եմ, որ առայժմ խաթարված է Սեւանի թռչնաշխարհի գարնանային չուն, քանի որ չենք նկատում մեզ մոտ գարնանն ընդառաջ չուի եկող ոչ մի թռչնատեսակ: Դա կարող է բացատրվել նրանով, որ այդ թռչնատեսակների մի մասը ոչնչացել են նախորդ ձմռան սառնամանիքներից կամ եթե հրաշքով կարողացել են պոկվել արհավիրքից, խուսափում են նույն վայրերում չու կատարելուց:

Այժմ մենք պահպանության բաժնի աշխատակիցներով պահպանություն ենք իրականացնում լճի ափամերձ բոլոր հատվածներում:Միակ դրական բանն այն է, որ այս տարվա եղանակները նպաստավոր են Սեւանա լճի թռչնաշխարհի պոպուլյացիայի վերականգնման համար, նախորդ տարվա ծանրագույն իրավիճակի կրկնություն չի լինելու, եւ մնում է հուսալ, որ կորուստները մասամբ կարող են վերականգնվել այս տարվա ընթացքում»»-ներկայացրեց Արտակ Սարգսյանը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am