Նախարար Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» համաժողովին

20:47, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ 2018» կրթական բիզնես համաժողովին: Այն անցկացվում է ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի բարձր հովանու ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, համաժողովի աշխատանքներին մասնակցում են տարբեր երկրների 2000-ից ավելի ներկայացուցիչներ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, ներդրողներ, ստարտափների ներկայացուցիչներ, վենչուրային ընկերություններ, փորձագետներ։

Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ներկայացուցչական այս միջոցառման հիմնական նպատակն է նոր հարթակ ստեղծել ստարտափների, գործարարների, ներդրողների հանդիպման, փորձի փոխանակման համար, քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորություններ:

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել արդեն իսկ հաջողության հասած ստարտափներ։ Նրանք ներկայացրել են իրենց փորձը, գիտելիքները, հաջողության հասնելու իրենց գրավականները: Ոլորտի տարբեր երկրներից հրավիրված փորձառու մասնագետներն էլ ստարտափների համար հատուկ աշխատաժողովներ ու դասընթացներ են անցկացրել։

 


© 2009 ARMENPRESS.am