Շրջակա միջավայրի վերականգնման համար. Բնապահպանության նախարարությունը հուշագիր ստորագրեց «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ

19:25, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրեցին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Հուշագրի համաձայն՝ համատեղ գործողությունները կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանը և վերականգնմանը, բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմանը, էկոտուրիզմի զարգացմանը և վերահսկողության ուժեղացմանը։

«Կենսաբազմազանության հարաբերակցության առումով չափազանց մեծ կշիռ ունի մեր երկիրը։ Միայն այն, որ 13 500-ից ավելի բույս և 17 500-ից ավելի կենդանական աշխարհի ներկայացուցիչ կա մեր այս փոքր երկրում, խոսում է այն մասին, որ մեր բնական միջավայրը պահպանելու ու պաշտպանելու խիստ կարևոր խնդիր ունենք։ Չափազանց կարևոր է, որ այս գործում իր մեծ դերակատարությունն է առաջ բերում Գագիկ Ծառուկյանը։ Նրա կատարած աշխատանքները, ներդրումները բնության ոլորտում վստահություն են ներշնչում»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարարը։

Նրա պնդմամբ՝ նպատակն է հանրաճանաչ դարձնել ոչ միայն բնության հրաշքները, այլև, առաջին հերթին, պահպանել դրանք։ Խոսելով ապօրինի որսի մասին՝ Մինասյանն ասաց, որ իրենք աշխատում են ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ այդ երևույթների դեմ պայքարը համակարգված լինի։

Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ պատրաստ է աջակցել և մասնակցել ցանկացած նախագծի, որն ուղղված կլինի բնության պահպանությանը։

«Այսուհետ համագործակցելու ենք այս հուշագրի համաձայն։ Մենք նպատակ ունենք իրականություն դարձնել մեր ծրագրերը և օրինակ ծառայել, որպեսզի ամեն ոք, ով հնարավորություն կունենա, աջակցի բնության պահպանմանը»,- ասաց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Որպես համագործակցության առաջին քայլ, հիմնադրամը ՀՀ բնապահպանության նախարարությանը նվիրաբերեց  «Նիվա» մակնիշի 10 ավտոմեքենա։

 

 


© 2009 ARMENPRESS.am