Զորահրամանատար Միքայել Լորիս-Մելիքովի մասին գիրքը հանձնվեց ընթերցողների դատին

19:38, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական գործիչ, հայ ժողովրդի նվիրյալ զավակ Միքայել Լորիս-Մելիքովի գրչին պատկանող և նրան վերագրվող տարբեր նյութեր՝ հոդվածներ, դիտարկումներ, ուսումնասիրությունների արդյունքների շարադրանք, հրատապ խնդիրների շուրջ խոհեր ու մտքեր, նամակներ, գրություններ զետեղված են «Անպարտելի զորավարը, իմաստուն պետական գործիչը, նվիրյալ հայորդին» գրքում:  Առաջին անգամ փորձ է արվել այդ ամենը հավաքել, իմի բերել, թարգմանել և հայալեզու ընթերցողին հնարավորություն տալ մայրենիով ծանոթանալ Միքայել Լորիս-Մելիքովի ստեղծագործական ժառանգությանը:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Հայ բարեգործական ընդհանուր միությունում:

«Նա կյանքի որոշակի փուլում եղել է Ռուսաստանի վարչապետ, ներքին գործերի նախարար, ոստիկանության պետ, Պովոլժիեի, Խարկովի նահանգապետ: Այդ ընթացքում գրառումներ է կատարել, վերարտադրել իր մտորումները: Այդ ամենը հայերենով չկար: Երբ նրա մասին ֆիլմ էի պատրաստում, հասկացա, որ անհրաժեշտ է այդ նյութերը հավաքել, հայերեն թարգմանել և մեկ ժողովուծուով ներկայացնել հանրությանը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց  գրքի կազմող և խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը:

Նրա խոսքով՝ մինչ օրս մենք Միքայել Լորիս-Մելիքովին գիտենք, որպես Ռուսաստանի պետական, քաղաքական գործիչ, այնինչ նա նաև մեծ հայ էր, իր ժողովրդի նվիրյալը: Նա գրել է. «Ես ապրում եմ Ռուսական կայսրությունում, դուք ապրում եք Օսմանյան կայսրությունում: Բայց մենք՝ ռուսահայերս, և դուք՝ թուրքահայերդ ունեք մեկ հայրենիք՝ Հայաստանը: Մեր լեզուն, մեր կրոնը, մեր մշակույթն այնտեղ են սկիզբ առել: Կոչ եմ անում բոլորիդ չմոռանալ Հայաստանը, ամեն ինչ տանք նրան, նրա երջանկության համար ապրենք ու մեռնենք»:

«Միքայել Լորիս-Մելիքովը պայքարեց Կարսը գրավելու համար, և թաքուն երազում էր, որ այդ իրադարձությունից հետո Հայաստանը կընդլայնի սահմանները: Հետաքրքիր անհատականություն էր իր հայկական արմատների ընկալման, ճանաչման, դրանք վեր բարձրացնելու առումով»,-ընդգծեց Երիցյանը:

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ գրքում հետաքրքիր ուղերձներ կան: Դրանցից մեկն այն է, որ Ռուսական կայսրության մեջ բարձունքների հասնելով, Միքայել Լորիս-Մելիքովը երբեք չի մոռացել իր արմատները:

Շնորհանդեսին ներկայացվեց նաև առաջին անգամ ռուսերենից հայերեն թարգմանված Միքայել Լորիս-Մելիքովի «Կենսագրական ակնարկ»-ը: Ներկաները հնարավորություն ունեցան դիտել նաև «Միքայել Լորիս-Մելիքով. մեծ հայն ու անպարտելի զորավարը» ֆիլմը, որտեղ վառ ընդգծված են նրա սերը հայրենիքի, հայոց լեզվի և հայ ժողովրդի նկատմամբ:

«Անպարտելի զորավարը, իմաստուն պետական գործիչը, նվիրյալ հայորդին» գիրքը տպագրության է պատրաստել «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, աջակցել է գործարար Գագիկ Աղաջանյանը: Ֆիլմը նկարահանել է «Կարծիք» ստեղծագործական խումբը:

 

 


© 2009 ARMENPRESS.am