ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել լրատվական կայքի խմբագրի հասցեին սպառնալիքների դեպքով քրգործը

19:17, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել «Medialab.am» լրատվական կայքի գլխավոր խմբագրի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2018թ. հունվարի 28-ին «Hayk Berman Ohanyan» անունով հանդես եկած օգտատերը, համացանցի ֆեյսբուքյան կայքում տեսնելով «Medialab.am» լրատվական կայքից հղում կատարված «Բոշի ծաղիկները» ծաղրանկարը, «Medialab.am» լրատվական կայքի ֆեյսբուքյան էջում և կայքի գլխավոր խմբագրին անհատական նամակագրությամբ սպանության սպառնալիքներ է տվել՝ կապված հիշյալ ծաղրանկարի հետ:

Նախապատրաստված նյութերով՝ 2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը փետրվարի 9-ին վարույթ է ընդունել ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչը։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, ամբողջական և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:


© 2009 ARMENPRESS.am