Արթուր Դավթյանը կարևորում է հանցագործությունների բացահայտումը նախապատրաստության փուլում

18:28, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանցավորության դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնելու և հակազդման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար ՀՀ դատախազությունը թիրախավորելու է հանցավոր խմբերի լիարժեք բացահայտումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փաստեց,որ ցանկացած հանցագործության դեպքում, եթե այն լիարժեք չի բացահայտվում, չբացահայտված հանցագործը կամ խմբի անդամը ունենում է հնարավորություն շարունակելու իրենց հանցավոր վարքագիծը:

«2017 թվականին բացահայտվել է մեծաքանակ հանցավոր խմբեր , որոնք հիմնականում զբաղվել  են սահմանի ապօրինի հատումով, կեղծ փաստաթղթեր պատրաստելով և  դրանք իրացնելով, ապօրինի միգրացիայով և բազմաթիվ այլ հանցագործություններով: Այս մասով կատարված աշխատանքները հնարավորություն են տալիս մեր  ակնկալիքներն ավելի բարձր շեմի վրա պահել և թիրախավորված այս ուղղությամբ  շարունակել»,- ասաց  ՀՀ գլխավոր դատախազը:

Արթուր Դավթյանը կարևորեց հանցագործությունների  նախապատրաստության  փուլում  բացահայտումները:

«Նախականխման  աշխատանքները քրեական հետապնդման մարմինների համար առաջնահերթություն են: 2017 թվականի արդյունքներով` ԱԱԾ վարույթում ունենք բացահայտված 6 ծանր և առանձնապես ծանր  հանցագործությունների  նախապատրաստության դեպքեր: Ակնհայտորեն կարող ենք խոսել այդ հանցագործությունների նախականխման մասին, որը դրական ցուցանիշ է»,- ասաց Դավթյանը:

 


© 2009 ARMENPRESS.am