Կրոնական ժողովը հրապարակել է փաստաթուղթ, որով Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ

18:12, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը որոշում է կայացրել այն մասին, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Պատրիարքական ընտրության գործընթացի վերաբերյալ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից ստացված նամակից հետո Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրավերով փետրվարի 9-ին Աթեշյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ժողովական հայրերի հանդիպում: Ըստ օրաթերթի տեղեկության՝ պատրիարքական տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չի մասնակցել հավաքին՝ Մաշալյանին ավելի վաղ հայտնած լինելով հրաժարվելու մտադրության մասին:

Հանդիպմանը որոշում է կայացվել այն մասին, որ պետք է ընդառաջել ՆԳՆ ուղարկած նամակին: Մասնավորապես, վերադառնալ 2016 թվականի հոկտեմբերի 26-ի կրոնական ժողովից առաջ եղած վիճակին, երբ Մեսրոպ պատրիարք Մութաֆյանը համարվել էր «պատրիարք ի հանգստյան»:  Բացի այդ, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ որպես պատրիարքական փոխանորդ:

Հանդիպմանը մասնակից ժողովական հայրերը շեշտել են, թե պատրիարքի ընտրությունը պետք է տեղի ունենա պատեհ ժամանակին:

 


© 2009 ARMENPRESS.am