ՀՀ Նախագահ ընտրվելու դեպքում Արմեն Սարգսյանը պատրաստակամ է աշխատել «Ելք»-ի հետ

14:48, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը բավարարված է զգում Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից: Խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ տեղի է ունեցել կառուցողական և բաց հանդիպում: «Շատ բաց, պրոֆեսիոնալ քննարկում ենք ունեցել, միմյանց հարցեր ենք ուղարկել: Ես ինքս ինձ բավարարված եմ զգում այս հանդիպումից: Եվ ասեմ, որ սա միակ հանդիպումը չի լինի: Մենք արդեն պայմանավորվել ենք հետագայում նոր հանդիպումների վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ մինչև «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը գիտեր, որ նրանք դեմ են քվեարկելու իր թեկնածությանը, եթե որոշում կայացնի առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում: «Ես, իհարկե, հարգում եմ նրանց որոշումը, և դա չի նշանակում, որ նախագահ ընտրվելու դեպքում ես նրանց հետ չեմ աշխատելու: Նրանք ընդդիմադիր քաղաքական ուժ են, ներկայացնում են հասարակության որոշ հատվածի կարծիքը, ուստի ես առաջ եմ նայում նրանց հետ համագործակցության առումով»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը առաջարկի մասին մտածելու համար ժամանակ է խնդրել, իսկ այդ ընթացքում հանդիպումներ է ունենում քաղաքական, հասարակական, գիտական շրջանակների հետ: Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների, շրջանավարտներիԵրևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետՀանդիպումներ են կայացել նաև Սփյուռքում:

ՀՀ Նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի կունենա մարտի 2-ին:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am