ՀՀ գլխավոր դատախազը մեծ խնդիր չի տեսնում դատարանների կողմից տուգանք կիրառելու հարցում

13:25, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանների կողմից փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանք կիրառելու առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը իր բացասական կարծիքը տվել է: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն, նշեց, որ այս հարցում մեծ խնդիր չի տեսնում:

«Մենք չունենք այնպիսի դժգոհությունների հոսք դատարանում դատախազի վարքագծի վերաբերյալ, որ դա կարող է էական բացասական հետևանքներ ունենալ: Հետևաբար, մենք այս հարցին վերաբերվում ենք լիարժեք ըմբռնմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:

Ավելի վաղ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի փաթեթում դատական տուգանքի վերաբերյալ դրույթները ներառելու առթիվ փաստաբանները բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք նշում են, որ դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը, և հաշվի առնված չէ դատավորների ոչ բարեխիղճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը:

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում փետրվարի 9-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսգիրքն ուժի մեջ կմտնի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը:

 


© 2009 ARMENPRESS.am