Դեսպան Ղազարյանն առաջարկել է Լյուբլինի ձեռնարկատերերին մասնակցել լեհ- հայկական գործարար համաժողովին

12:57, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը փետրվարի 7-ին աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Լյուբլին քաղաք, որի ընթացքում հանդիպում է ունեցել քաղաքապետի տեղակալ Արթուր Շիմչիկի հետ: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Լյուբլին և Վանաձոր քաղաքների միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության հարցերին` դեսպան Ղազարյանն առաջարկել է Լյուբլին քաղաքի ձեռնարկատերերին մասնակցություն ցուցաբերել առաջիկայում Վարշավայում կայանալիք լեհ-հայկական գործարար համաժողովին:

Նույնը օրը Էդգար Ղազարյանը մասնակցել է Լեհաստանի արտահանողների միության կողմից կազմակերպված 2018 թվականի գալա երեկոյին, որն անցկացվում էր ԼՀ ձեռնարկատիրության և ներդրումների նախարարության, ԼՀ արտաքին գործերի նախարարության, Լուբելսկե վոևոդության մարշալեկի, Լյուբլինի քաղաքապետի պատվո հովանու ներքո:

Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանի ձեռնարկատիրության և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, լեհ-հայկական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանախագահ Թադեուշ Կոշչինսկին, Լեհաստանի կենտրոնական և Լուբելսկե վոևոդության տեղական իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, մեծ թվով գործարարներ:


© 2009 ARMENPRESS.am