ԱԺ-ն ընդունեց Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրինագիծը

12:12, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 89, դեմ՝ 7 պատգամավոր:

Նախագծին դեմ քվեարկեց «Ելք» խմբակցությունը՝ դժգոհություն հայտնելով, որ Անվտանգության խորհրդի կազմում չեն լինի ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը:

2015 թ. սահմանադրական փոփոխություններով սահմանվել է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է հանրապետության վարչապետը, իսկ խորհրդի կազմավորման և գործունեության կարգը պետք է սահմանվի օրենքով:

Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու Վարչապետը, Առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:


© 2009 ARMENPRESS.am