ԱՄՆ պետդեպը մտահոգություն է հայտնել Թուրքիայում իր քաղաքացու ձերբակալման առնչությամբ

10:20, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խիստ մտահոգված է փետրվարի 8-ին Թուրքիայում ԱՄՆ քաղաքացու՝ Սերքան Գոլգեի ձերբակալման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթն ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է լրագրողների հետ զրույցում:

Գոլգեն ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով: «Մենք շարունակելու ենք հետևել նրա, ինչպես նաև ԱՄՆ մյուս քաղաքացիների դեպքերին, ում դեմ հետապնդումներն արտակարգ դրության պայմաններում լրջագույն մտահոգություններ են առաջացնում՝ կապված դատական համակարգի անկախության, պաշտպանության հետ, ինչն ամրապնդված է թուրքական սահմանադրությամբ»,- նշել է Նոյերթը: Խոսնակն ասել է, որ ձերբակալվածը NASA-ի աշխատակից է:

Նա ընդգծել է, որ Թուրքիայում բնակվող կամ այդ երկիր մեկնող քաղաքացիների անվտանգությանը շարունակում է մտահոգության առարկա լինել:

«Մենք ցանկանում ենք կոչ անել Թուրքիայի կառավարությանը դադարեցնել ձգձգված արտակարգ դրությունը, ազատ արձակել կամայական կերպով ձերբակալվածներին և ապահովել օրենքի գերակայությունը՝ համաձայն Թուրքիայի ներքին և միջազգային պարտավորություններին ու հանձնառություններին»,- ասել է նա:


© 2009 ARMENPRESS.am