Կառավարությունում քննարկվել են դեղագործության ոլորտի զարգացման հեռանկարները

19:47, 8 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ընդունել է դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քայլերն ու հնարավորությունները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հարկային և մաքսային վարչարարությանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, արտահանման խթանմանն ու ծավալների ավելացմանը, նոր շուկաների ներգրավմանը, այդ ուղղությամբ պետական օժանդակության գործիքակազմերին առնչվող հարցերի: Դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների կողմից հնչեցվել են տարբեր առաջարկություններ:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը կքննարկի պրագմատիկ, իրագործելի, առարկայական բոլոր առաջարկությունները՝ հավելելով, որ գործադիրը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել կոնկրետ ծրագրերի և նախաձեռնությունների: Վարչապետը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է քննարկված հարցերը պահել ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ իրականացնել համապատասխան քայլեր:

 


© 2009 ARMENPRESS.am