Թուրքական ԶՈւ ռմբակոծության հետևանքով սիրիական Աֆրինը մնացել է առանց խմելու ջրի

21:37, 7 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ԶՈՒ ռմբակոծության հետևանքով վնասվել է Աֆրինի ջրի մաքրման կայանը և աֆրինցիները մնացել են առանց խմելու ջրի: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: 

«Ռմբակոծության հետևանքով հոսանքազրկվել է կայանը և ջրի մատակարարումն Աֆրին դադարեցվել է, վերականգնումը կարող է տևել 1-ից 2 շաբաթ»,-հայտնել է մաքրման կայանի աշխատակիցը: 

ԶԼՄ-ների փոխանցմամբ`  Աֆրինում կան խմելու ջրի պահեստային ավազաններ, որոնք կարող են ապահովել քաղաքի բնակիչների կարիքները: 

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:


© 2009 ARMENPRESS.am