Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ

16:18, 7 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը փետրվարի 7-ին հանդիպեց Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմադ Աբուլ Ղեյտի հետ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մելքոնյանն Ահմադ Աբուլ Ղեյտին ներկայացրեց հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները՝ հույս հայտնելով, որ Կազմակերպությունը գագաթաժողովին ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ահմադ Աբուլ Ղեյտը և Արմեն Մելքոնյանն անդրադարձան Հայաստան-ԱՊԼ համագործակցության և կայուն երկխոսության խթանման հնարավորություններին, ինչպես նաև մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։


© 2009 ARMENPRESS.am