Հայաստանում կատարվել է առաջին գրանցումը ԵՄ «GSP+»-ի ներքո գործող «Գրանցված արտահանողների համակարգում»  

18:55, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո գործող «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) կատարվել է առաջին գրանցումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «2018 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր`  «Գրանցված արտահանողների համակարգը» (REX):

Արտադրողները և արտահանողները տեղական ծագման ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով կարող են գրանցվել REX էլեկտրոնային համակարգում: Համակարգում գրանցումը հնարավորություն է տալիս «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձևի հավաստագրի՝  յուրաքանչյուր արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն: Միաժամանակ, REX համակարգի կիրառմանը զուգահեռ՝ 12-ամսյա անցումային ժամանակահատվածում, ծագման երկրի Ա ձևի հավաստագիր կարող է տրամադրվել նաև այն արտահանողներին, ովքեր դեռ չեն գրանցվել REX համակարգում:

Ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) գրանցումն իրականացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից: Գրանցումը կատարվում է անվճար:

GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) արդեն իսկ իրականացվել է առաջին գրանցումը, և գրանցված կազմակերպությանը տրամադրվել է գրանցումը հավաստող համապատասխան փաստաթուղթը»:


© 2009 ARMENPRESS.am