Մասիսի հիվանդանոցի տնօրենը մանրամասներ է փոխանցում թեյի գույնը մեզի անալիզի փոխարեն հանձնելու դեպքի վերաբերյալ

16:05, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց հիվանդանոցի տնօրեն Նունե Ավանեսյանը՝ աշխատողներին ստուգելու դրդապատճառ են եղել բազմաթիվ բնակիչների բողոքներ:

«Իմ արյունը հանձնել եմ մի քանի մարդկանց արյան փոխարեն, ստացել եմ տարբեր պատասխաններ: Թեյի գույնը մեզի անալիզի փոխարեն եմ հանձնել, ստացել եմ մեզի պատասխան, որում բոլոր կոմպոնենտները՝ լեյկոցիտները, էրիթրոցիտները և էպիթելերը հաշված գրել էին: Դրանք պրակտիկորեն չեն կարող թեյի գույնի մեջ լինել»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ տվել են մոտավորապես պիելոնեֆրիտով հիվանդ մարդու հետազոտությունների արդյունք:

Նրա խոսքով՝ աշխատողները մինչ այդ էլ բազմիցիս զգուշացում են ստացել: Լաբորատորիայում աշխատում էր 15 բուժաշխատող, ազատման դիմում է ներկայացրել 8-ը: Նրանք եղել են երկար տարիների աշխատողներ:

«Բռնի ուժով ոչ մեկի չենք ստիպել ազատման դիմում գրել: Նրանք աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածով ծանուցում են ստացել, և կպատժվեն օրենքի սահմաններում»,-նշեց տնօրենը:

Նունե Ավանեսյանը Մասիսի բժշկական կենտրոնում պաշտոնավորում է արդեն 8 ամիս:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից՝ մարզպետարանը ուսումնասիրում է դեպքը: Երբ արդյունքները պարզ լինեն, կկազմակերպեն ասուլիս: Սովորաբար այդպիսի դեպքերում մարզպետարանն ուսումնասիրում է, պարզում խախտումները և պատժում մեղավորներին ըստ սահմանված կարգի:


© 2009 ARMENPRESS.am