Հասունացել է Հայաստան-Շվեյցարիա ուղիղ չվերթ ունենալու անհրաժեշտությունը.Դոմինիկ դը Բյուման

09:29, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-շվեյցարական դիվանագիտական հարաբերություններն ունեն բարձր մակարդակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը, ով պաշտոնական այցով Հայաստանում է:

«Արդեն մի քանի տարի է, ինչ Շվեյցարիան ունի իր սեփական դեսպանատունը Հայաստանում: Մենք ունենք նաեւ երկկողմանի տնտեսական հարաբերություններ, որոնք նախորդ տարի մեծ առաջընթաց գրանցեցին: Եվ մեր այս այցի նպատակն առաջին հերթին հենց տնտեսական հարաբերությունների հզորացումն է:    Այս երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում  չպետք է մոռանանք, որ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը 2003  թվականին հասավ  Հայոց ցեղասպանության ճանաչման, ես նոր էի ընտրվել որպես պատգամավոր, եւ սա իմ ամենակարեւոր հաջողությունը եղավ: Դրանից գրեթե 15 տարի հետո պաշտոնական ներայացուցչությամբ եկել ենք  Հայաստան»,-ասաց Դոմինիկ դը Բյումանը:

Նա նշեց, որ իր համար կարեւորն այն էր, որ քննարկումները սկսվեցին արդեն իսկ եղած արդյունքների հիման վրաՆա առանձնացրեց արդյունաբերության, դեղագործության, գինեգործության, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի ոլորտները որպես երկկողմ համագործակցության զարգացման կարեւոր ուղղություններ: Շվեյցարացի պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանը միանշանակ ունի ներդրումային լավ միջավայր, կա խնդիր՝ շուկան մեծացնելու:

«Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է ուղիղ չվերթների խնդիրը լուծել, ինչը շատ կարեւոր է առեւտրային հարաբերությունները զարգացնելու համար: Նշեմ  նաեւ զբոսաշրջության ոլորտը, որի զարգացման հիմնական գործոններից են ուղիղ չվերթները: Այս ոլորտում մեծ ներուժ կահիմնական նախապայմանները դրված են, պետք է պարզապես շատ աշխատանք տանել, որպեսզի ամրապնդենք»,-նշեց նա:

Դոմինիկ դը Բյումանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսական դիրքը բավականին մեծ զարգացումների հնարավորություն է տալիս: Այս համատեքստում նա շեշտեց Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաեւ Եվրամիության հետ համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ նախորդ տարվա նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

«Շվեյցարիան Եվրամիության անդամ չէ, սակայն լավ հարաբերություններ ունի: Հայաստանը եւ Շվեյցարիան պետք  է կարողանան ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ հարաբերությունների զարգացման ծրագիր ունենալ»,-նշեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը:

Նա հիշեց, որ առաջին անգամ Հայաստանում եղել է դեռեւս տասը տարի առաջ: Առաջին այցից ի վեր շատ փոփոխություններ չմտաբերեց, սակայն երկու բան հստակ առանձնացրեց:

«Այն տպավորությունն ունեմ, որ նոր սերունդը հասկացել է, որ Հայաստանը պետք է դուրս գա մեկուսացումից, եւ պետք է ամեն  ինչ անել, որպեսզի ժողովրդի հոսքը կանգնի եւ Հայաստանում ստեղծվեն աշխատատեղեր:  Քայլեր եմ նաեւ տեսնում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: Սրանք երկու կարեւոր գործոն են հետագա ներդրումների համար»,-ասաց Դոմինիկ դը Բյումանը՝ մատնաշելով Շվեյցարիայում Հայաստանի ներկայացվածության եւ ճանաչելիության խնդիրը:  

«Սակայն  սա թող չհնչի որպես քննադատություն Հայաստանին, քանի որ այն փոքր երկիր է. գիտենք, որ այն ունի մեծ մշակույթ, բարձր մտավորականություն, սակայն սա պարզապես մի պատկեր է, իսկ թե ինչ կա պատկերի հետեւում, մարդիկ այդքան էլ տեղյակ չեն»,-ընդգծեց Դոմինիկ դը Բյումանը:

Անդրադառնալով հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ շվեյցարացի պաշտոնյան նշեց, որ դեռեւս պարզ չէ, թե  որպես երկրի բարձրաստիճան ներկայացուցիչ ով կմասնակցի գագաթնաժողովին:

«Սակայն հնարավոր է, որ  եթե կառավարության անդամներից ոչ ոք չկարողանա գալ, Ազգային խորհրդի նախագահը որպես ներկայացուցիչ լիազորություն ունենա մասնակցելու»,-ասաց նա:

 

Սյուզի Մուրադյան


© 2009 ARMENPRESS.am