Պոլսահայերը կփորձեն Հայոց պատրիարքի ընտրությանը հասնել դատական միջամտության արդյունքում

12:18, 5 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացման նպատակով իշխանություններին ուղարկված դիմումն այդպես էլ անպատասխան է մնացել: Ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնող մարմինը դիմել է դատարան: Այդուհանդերձ՝  դատական գործից առանձնապես ակնկալիքներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը:  

«Օրենքի համաձայն` կառավարությունը պետք է նշված ժամկետում դիմումներին տա կամ դրական, կամ ժխտական պատասխան: Պատրիարքական ընտրություններ անցկացնելու դիմումը ներկայացվել է Ստամբուլի նահանգապետին, որը վերջինս պետք է փոխանցի ներքին գործերի նախարարությանը, գերատեսչությունն էլ` նախարարների խորհրդին: Որոշում կայացնողը խորհուրդն է, սակայն շղթան սկսվում է նահանգապետարանից: Քանի որ դիմումն անպատասխան է մնացել, այս պարագայում բացվում է դատական միջամտության ճանապարհը: Դրա համար էլ  Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների Նախաձեռնող մարմինը դիմել է դատարան»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Նա ընդգծեց, որ դրական արդյունքի սպասելը միամտություն է: Նրա խոսքով, այս ճանապարհով գնալը երկարացնում է պատրիարքի ընտրությունների գործընթացը, սակայն դատարան դիմելն անհրաժեշտ քայլ է:

Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:


© 2009 ARMENPRESS.am