Գևորգ Հարությունյանը մոսկովյան մրցաշարում 6.5 միավորով հանգրվանեց 11-րդ հորիզոնականում  

11:56, 5 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ավարտվեց Մոսկվա Օփեն խոշոր շախմատային փառատոնը, որին ավանդաբար մասնակցում էին մեծ թվով հայ շախմատիստներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի շրջանակում անցկացվեցին 5 տարբեր մրցաշարեր՝ A, B, C, D1 և D2: Հայաստանը ներկայացված էր A, B և C մրցաշարերում:

 A մրցաշարի հաղթող դարձավ  16-ամյա միջազգային վարպետ Սեմյոն Լոմասովը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և առաջ անցավ մրցաշարին մասնակցող 16 գրոսմայստերներից: Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, ով 6.5 միավորով կիսեց 6-16-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հանգրվանեց 11-րդ հորիզոնականում:
B խմբում, որին մասնակցում էին միայն կանայք, հաջող հանդես եկավ Սուսաննա Գաբոյանը: Մեր շախմատիստուհին մրցաշարի ամբողջ ընթացքում գտնվում էր առաջատարների խմբում և պայքարում էր ամենաբարձր հորիզոնականների համար: Վերջին տուրում հաղթանակի դեպքում Գաբոյանը կգրավեր 2-րդ հորիզոնականը և կլրացներ կանանց գրոսմայստերի նորմա, սակայն, ունենալով ամբողջովին հաղթած դիրք, Գաբոյանը կոպիտ վրիպում թույլ տվեց և պարտվեց: Արդյունքում Գաբոյանը գրավեց միայն 13-րդ հորիզոնականը, սակայն նա 4-րդ անգամ լրացրեց կանանց միջազգային վարպետի նորմա և 50 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: Գաբոյանի ընթացիկ վարկանիշը կազմում է 2212 կետ, և ՖԻԴԵ-ի մոտակա կոնգրեսին նրան կշնորհվի կանանց միջազգային վարպետի կոչում:
8 միավորով կանանց մրցաշարի հաղթող դարձավ Անաստասիա Բոդնարուկը:
C մրցաշարի հաղթող դարձավ Իգոր Վոլկովը, ով իր ակտիվում գրանցեց 8 միավոր: Այստեղ Հայաստանի ներկայացուցիչներից հաջող հանդես եկան Խաչատուր Մեսրոպյանը և Վահագն Խաչատրյանը: Նրանք վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 4-19-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Մեսրոպյանը գրավեց 12-րդ, իսկ Խաչատրյանը՝ 14-րդ հորիզոնականը:


© 2009 ARMENPRESS.am