Մայա Աֆրիկյանը կհնչեցնի Կապուտիկյանի, Սահյանի խոսքերով երգեր

14:23, 1 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակ-կատարող, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանի (սոպրանո) հեղինակային երգի երեկոյի առաջին բաժնում կներկայացվեն Աֆրիկյանի երաժշտությամբ ռոմանսներ ու երգեր, որոնց խոսքերի հեղինակներն են Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Մայա Աֆրիկյանը: Երկրորդ հատվածում կհնչեն երգեր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կորյուն Առաքելյանի ստեղծագործությունների տեքստերով:

«Տար ինձ, ժամանակ» խորագրով համերգային ծրագիրը կանցկացվի փետրվարի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգին կմասնակցեն միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը և օպերային երգչուհի Դիանա Հարությունյանը: Երեկոյի կոնցերտմայստերն ու կազմակերպիչն է Հասմիկ Մարտիրոսյանը: Համերգը կվարի ասմունքող Գայանե Սամվելյանը:

Այս միջոցառումը 80-ից ավելի երգերի և ռոմանսների հեղինակ Մայա Աֆրիկյանի առաջին հեղինակային երգի երեկոն չէ: Նրա նախորդ համերգային երեկոն տեղի է ունեցել 2015-ին: Մայա Աֆրիկյանը փաստում է՝ իր նպատակն է հանրությանը ներկայացնել իր հեղինակային ստեղծագործությունները: «Տար ինձ, ժամանակ» խորագրի հիմքն էլ Համո Սահյանի տեքստն է, և լիովին համապատասխանում է հեղինակ-կատարողի ներկայիս հոգեվիճակին:

Մայա Աֆրիկյանը 2003 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը: Մի շարք համերգներով հանդես է եկել Երևանում, Արցախում, արտերկրում: 2017-ին Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնին Մայա Աֆրիկյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվանակարգում, ստացել է նաև դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում:


© 2009 ARMENPRESS.am