Փաշինյանի` իրավապահներին ներկայանալու մասին տեղեկացվել են Ինտերպոլի անդամ երկրները. ոստիկանությունը պարզաբանում է

14:06, 30 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է տարածել` կապված Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին Հռոմում Իտալիայի ոստիկանության կողմից ձերբակալելու փորձի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ 2009թ. հունվարի 7-ին Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները:

«ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե Իտալիայի ոստիկանությունը Հռոմում «պաշարել է» իր հյուրանոցային սենյակը` ձերբակալելու նպատակով: Ըստ Փաշինյանի` ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը:
Հայտնում ենք, որ 01.07.2009 թ` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Իտալիայի ոստիկանությունը հունվարի 30-ին փորձել է ձերբակալել Հռոմում գտնվող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Պատգամավորն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով` տեղադրելով լուսանկարներ հյուրանոցի իր սենյակից, որտեղ ոստիկանները գործողություններ են իրականացնում:


© 2009 ARMENPRESS.am