Ռուսաստանը կայունացնող դերակատարում ունի տարածաշրջանում անվտանգության պահպանման գործում. Նալբանդյան

16:28, 29 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն անում է հնարավորը, որպեսզի ռազմական հավասարակշռությունը պահպանվի՝ ներառյալ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է նա վերաբերվում Ռուսաստանի կողմից զենքի մատակարարմանը Ադրբեջանին:

Նա նշեց, որ հայտնի է, թե ինչ պատճառներով է Ադրբեջանը հատուկ շեշտադրումներով շահարկում այս հարցը:

 «2010 թվականին ստորագրվեց այսպես կոչված հինգերորդ արձանագրությունը՝ կից այն պայմանագրին, որը վերաբերում էր ռուսական բազայի ներկայությանը ՀՀ տարածքում: Այդ արձանագրությամբ որոշ փոփոխություններ մտցվեցին հիմնական փաստաթղթի մեջ, որոնք վերաբերում էին նրան, որ ՀՀ զինված ուժերի հետ միասին՝ Ռուսաստանը պարտավորվում է ստանձնել մեր անվտանգության դերակատարությունը եւ պարտավորությունը՝ Հայաստանին տրամադրել ժամանակակից զենք եւ սպառազինություն»,- ասաց ՀՀ արտգործնախարարը` ընդգծելով, որ  ակնհայտ է, որ Ռուսաստանը կայունացնող դերակատարություն ունի անվտանգության պահպանման գործում՝ ոչ միայն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, այլ նաև որպես տարածաշրջանային կարեւոր գործոն:

 


© 2009 ARMENPRESS.am