ՀՀ Նախագահը շնորհավորել է Միլոշ Զեմանին Չեխիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

14:35, 29 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 29-ին շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Չեխիան Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և մենք շահագրգռված ենք շարունակաբար ընդլայնելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը բոլոր ձևաչափերում՝ հիմնվելով մեր ժողովուրդների բարեկամության և հոգևոր-մշակութային ընդհանրությունների վրա։ Բարձր եմ գնահատում բարեկամ Չեխիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն ընդլայնվող օրակարգին։ 

Մեծապես կարևորում եմ Ձեր ջերմ վերաբերմունքը հյուրընկալ Չեխիայում բնակվող հայերի նկատմամբ, Հայոց ցեղասպանության հարցում Ձեր անվերապահ գնահատականը և մեր անձնական բարեկամությունը»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:


© 2009 ARMENPRESS.am