Բրունո Մարսը «Գրեմմիի» է արժանացել վեց անվանակարգում

12:15, 29 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Ամերիկյան ձայնագրման ազգային ակադեմիայի հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխության հաղթողները: Ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ Բրունո Մարսը «Գրեմմիի» է արժանացել երեք գլխավոր «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Տարվա ալբոմ» անվանակարգերում, ինչպես նաև երեք այլ անվանակարգերում: Մրցանակաբաշխությունն անցկացվել է հունվարի 29-ին Նյու Յորքում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Գրեմմի» մրցանակաբաշխության 60-րդ արարողությանը «Լավագույն փոփ կոմպոզիցիա» է ճանաչվել Էդ Շիրանի «Shape of You» երգը։ Նա «Գրեմմիի» է արժանացել նաև «Լավագույն սոլո փոփ ալբոմ»-ի համար։

«Լավագույն ռոք ալբոմ» է  համարվել The War On Drugs խմբի «A Deeper Understanding» սկավառակը։ The Rolling Stones խումբը «Գրեմմի» է ստացել «Blue&Lonesome» ալբոմի համար՝ «Լավագույն ավանդական բլյուզ ալբոմ» անվանակարգում։ Շաքիրայի «El Dorado» ձայներիզը «Գրեմմիի» է արժանացել «Լավագույն լատին փոփ ալբոմ» անվանակարգում։

«Լավագույն ուրբան ալբոմ» է ճանաչվել The Weeknd-ի՝ «Starboy»-ը: «Լավագույն ռոք երգ» անվանակարգում հաղթել է Foo Fighters-ի «Run» ստեղծագործությունը։ Քենդրիք Լամարի «Humble» երգի հոլովակը «Լավագույն տեսահոլովակ» է ճանաչվել։ Այս երգը մրցանակ է ստացել նաև «Լավագույն ռեփ երգ և լավագույն ռեփ կատարում» անվանակարգերում։  Depeche Mode խմբի «You Move (Latroit Remix)» երգը «Գրեմմիի» է արժանացել «Լավագույն ռեմիքսի» համար։ «Տարվա պրոդյուսեր» է ճանաչվել Քրեգ Քուրսթինը:

 «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» և «Լավագույն  երգչախմբային ստեղծագործություն» անվանակարգերում ներկայացված հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը («Ռեքվիեմ») և «Լավագույն դասական սոլո վոկալային ալբոմ» անվանակարգում ներկայացված Դմիտրի Խվորոստովսկին և Կոնստանտին Օրբելյանը (Sviridov: Russia Cast Adrift), ցավոք, մրցանակների չեն արժանացել:

«Գրեմմի» Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակը հիմնվել է 1958 թվականի մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից։ Այն հանդիսանում է ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակը: Այն կարելի է համեմատել կինեմատոգրաֆիայի «Օսկար» մրցանակի հետ։ «Գրեմմի» մրցանակաբաշխության առաջին արարողությունը տեղի  է ունեցել 1959 թվականի  մայիսի 4-ին: 


© 2009 ARMENPRESS.am