Զինված ուժերն էին Հայաստանի անկախության գլխավոր ձեռքբերումը. ՀՀ վարչապետի ուղերձը

12:20, 28 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ այս կարևորագույն տոնի կապակցությամբ:

Մենք առաջին հերթին երախտագիտությամբ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել Հայոց բանակի ստեղծման ակունքներում և նրանց, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը մեր անկախության և մեր հաղթական բանակի կերպարը կերտելու համար:

Հայոց բանակի կազմավորումը տեղի է ունեցել մեր անկախ պետականության ամենածանր տարիներին՝ պարտադրված պատերազմի պայմաններում, և այսօր հպարտությամբ ենք նշում, որ մեր Զինված ուժերն էին Հայաստանի անկախության առաջին ու գլխավոր ձեռքբերումը:

Այսօր անհնար է գերագնահատել Հայոց բանակի դերն ու նշանակությունը: 2016թ. ապրիլին, երբ հակառակորդի կողմից Արցախի նկատմամբ տեղի ունեցավ լայնածավալ ռազմական ագրեսիան, մեր բանակը կրկին ապացուցեց իր մարտունակությունը՝ ցույց տալով, որ միշտ պատրաստ է պատասխանել մեր հայրենիքի նկատմամբ ցանկացած ոտնձգության: Այսօր մենք հպարտությամբ ենք հիշում այն քաջ տղաներին, ովքեր իրենց վրա վերցրեցին այդ հարվածը:

Բոլոր զինծառայողներին մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և բարի ծառայություն` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»:

 

 


© 2009 ARMENPRESS.am