Քրդերը Սիրիայում թուրքական երկու ԱԹՍ են խոցել

13:04, 27 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծամասամբ քրդական ուժերից բաղկացած «Սիրիական դեմոկրատական ուժեր»-ի (SDF) մեդիակենտրոնը հայտնել է Աֆրինում մարտերի շարունակման մասին: Ըստ նոր տեղեկատվության՝ SDF-ին հաջողվել է խոցել երկու թուրքական հետախուզական անօդաչու թռչող սարք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Մեր ուժերը Ադամա գյուղում խոցել են երկու հետախուզական ինքնաթիռ»,- հայտարարել են մեդիակենտրոնից:

SDF-ը հայտնել է, որ Թուրքիան շարունակում է ռմբակոծել Աֆրինը: Մասնավորապես ավիահարվածներ են հասցվել Ջաբալ Բաֆալոն և Չիա շրջաններում: Բացի այդ, այդ հատվածում SDF-ին հաջողվել է հարձակվել թուրքական ռազմական շարասյան վրա և սպանել 2 թուրք զինվորի:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիան սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:


© 2009 ARMENPRESS.am