Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են

14:26, 26 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նախորդ տարի անչափահասների նկատմամբ բռնության 190 դեպք է գրանցվել, որոնցից 17-ը ընտանեկան բռնության դեպքերն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հունվարի 26-ին  լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

«Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են: 2017 թվականին գրանցվել է 190 դեպք՝ նախորդ տարվա 197 դեպքի դիմաց: Նվազել են նաև սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, որտեղ տուժող են հանդիսացել երեխաները` 2017 թվականին արձանագրվել է 71 դեպք՝ նախորդ տարվա 80 դեպքի դիմաց»,- ասաց Դուրյանը:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի խոսքով` 2017 թվականին Ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանման հիմնական աշխատանքը եղել  իրավախախտ հանցագործություն կատարած անչափահասների, հաշվառման մեջ գտնվող և սոցիալական անապահով ընտանիքում գտնվող երեխաների, ինչպես նաև  ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող անչափահասների վերաինտեգրումը:

 Դուրյանը նշեց, որ 2016 թվականին դպրոցներում և հարակից տարածքներում գրանցվել է 6 մարմնական վնասվածք հասցնելու դեպք, իսկ 2017 թվականին ՝ 1 դեպք:

«Տեսուչները դպրոցներում իրենց դերը պատշաճ կատարում են` զրուցում երեխաների հետ, հայտնաբերում այն երեխաներին, ովքեր հակահասարակական վարքագիծ են դրսևորում: Անցկացվել են նաև բաց դասեր, որոնց ժամանակ բարձրաստիճան ոստիկանները զրուցել են երեխաների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին»,- ասաց Դուրյանը:


© 2009 ARMENPRESS.am