Թեւան Պողոսյանը հարցականի տակ է դնում թանկացումների դեմ «Ելք»-ի քայլերի արդյունավետությունը

16:07, 24 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, փորձագետ Թեւան Պողոսյանը հարցականի տակ է դնում թանկացումների դեմ «Ելք»-ի քայլերի արդյունավետությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա դրական գնահատեց այն, որ «Ելք» դաշինքի գործողություններն ի վերջո  բերեցին այդ թեմայով քննարկումների ծավալմանը, սակայն մյուս կողմից հարցական է մնում վերջնական արդյունքը:

«Մենք արհեստական թանկացումների դեմն առնող հատուկ կառույցներ ունենք: Նրանք պետք է անհիմն թանկացումներ սկսած ձեռնարկատերերին ասեն, որ հաշվարկել են, տեսել, որ այդ կառույցը գերշահույթներ է ստացել: Մենք ունենք ընդհանուր խնդիր, եւ դա այն է, որ մեր տնտեսական զարգացման մոդելը սխալ է»,-ասաց Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ թեպետ «Ելք»-ի շնորհիվ՝ խմբակցության 9 պատգամավորները բարձրաձայնում են թանկացումների մասին, գործողություններ են նախաձեռնում նաեւ փողոցում, այնուամենայնիվ արդյունավետության հարցը բաց է մնում:

«Եթե նույնիսկ խորհրդարանական 12 լսումներ էլ կազմակերպվեն, բայց դրանց հիման վրա օրենսդրական փոփոխություններ տեղի չունենան, ոչինչ չի փոխվի»,- ասաց նա՝ նշելով, որ կառավարության առջեւ պետք է դնել տնտեսական մոդելի զարգացման հարց:


© 2009 ARMENPRESS.am