Թուրքիայում ձերբակալվում են «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ արտահայտվող գործիչները

14:06, 23 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալություններ են սկսել ողջ երկրի տարածքում այն անձանց շրջանում, ովքեր սոցիալական մեդիաներում գրառումներ են կատարում թուրքական զինուժի կողմից Սիրիայում սկսած «Ձիթենու ճյուղ» գործողության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken պարբերականը, ձերբակալվածների շարքում լրագրողներ են և քաղաքական գործիչներ:

Անկարայում, Դենիզլիում, Մանիսայում, Վանում, Իգդիրում, Մերսինում և Մուշում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է առնվազն 42 մարդ: Իրավապահ մարմինները նշել են, որ ձերբակալվածները «ժողովրդին դրդել են ատելության և թշնամանքի, ահաբեկչական խմբավորման քարոզչություն, սադրիչ գործողության կոչ են արել»:

Ձերբակալվածների շարքում են նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներ:

Թուրքիայում մի խումբ մտավորականներ, ակտիվիստներ և քաղաքական գործիչներ դեմ են արտահայտվել Սիրիայի Աֆրին նահանգում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությանը: Երկրում իշխանություններն արգելել են այդ թեմայով բողոքի ցույցերի անցկացումը: Ստամբուլում ցույց նախաձեռնող խմբից 12 մարդ ձերբակալվել էր:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիան սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտնել 3 ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am