Արտոնագրային վճարով հարկումն անպայմանորեն հարկային բեռի ավելացում չի ենթադրում. ՊԵԿ

14:01, 23 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքում հաստատագրված վճարից արտոնագրային վճարի հարկատեսակին անցում կատարելը հարկային բեռի վերաբաշխման է բերել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ազգային ժողովում գնաճը մեղմելու հնարավորությունները քննարկող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հարցին: 
«2018 թվականի հունվարի 1-ից հաստատագրված վճարից անցում ենք կատարում արտոնագրային հարկի վճարին, նախկինում ուղղիչ գործակիցներ կային, որոնք Հարկային օրենսգրքով վերացվել են, ու դա հաշվի չենք առել: Երբ համեմատում ենք արտոնագրային հարկի դրույքաչափը հաստատագրված վճարի դրույքաչափի հետ, ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ ակնհայտորեն հարկային բեռի ավելացում կա: Դուք սա ինչպե՞ս եք մեկնաբանում, դա չի կարո՞ղ որևէ ազդեցություն թողնել թե ներքաղաքային, թե միջքաղաքային ուղևորափոխադրումների արժեքի վրա»,-հարցրեց Խոսրով Հարությունյանը:

«Ասել, որ կատարվել է հարկային բեռի ավելացում, միանշանակ այդպես չէ, որոշակի երթուղիների համար կարող են որոշակի բարձրացումներ լինել, մյուսների դեպքում` նվազում կատարվել: Ընդհանուր առմամբ` տեղի է ունեցել հարկային բեռի վերաբաշխում»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը: Նրա տեղեկացմամբ` Հարկային օրենսգրքով, մյուս կողմից, տրվում են հնարավորություններ նվազեցնելու արտոնագրային վճարը: «Կախված ժամանակահատվածից, մասնավորապես, մեկից ավելի ամիս վճարելու դեպքում, յուրաքանչյուր ամիս արտոնագրային վճարը հնարավորություն է տրված նվազեցնել 2 տոկոսով: Տարեկան կտրվածքով, քանի որ թույլատրված է տնտեսվարողին արտոնագրիր ստանալ մեկ տարվա համար և առհասարակ յուրաքանչյուր ամիս չշփվել հարկային մարմիների հետ, նվազեցում կատարել ևս 22 տոկոսի չափով: Մենք կարծում ենք, որ այդ հնարավորությունները առավել քան բավարար են, որ այդ մեղմացումները տեղի ունենան»,-եզրափակեց Վախթանգ Միրումյանը:

Ընթացիկ տարվա հունվարի մեկից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով:


© 2009 ARMENPRESS.am