Ադրբեջանում շարունակվում են ճնշումները ընդդիմադիրների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների նկատմամբ

12:40, 23 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիան դադարեցրել է փաստաբան Ֆահրադդին Մեհթիևի լիազորությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 Ֆահրադդին Մեհթիևը հայտնի է Ադրբեջանում ընդդիմադիր մի շարք ակտիվիստների պաշտպանությամբ:

 Մեհթիևը եղել է «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղըրզադեի, Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլըի, ինչպես նաև կուսակցության ակտիվիստ Ասիֆ Յուսֆիլիի փաստաբանը:

Փաստաբանների ասոցիացիայի նախագահությունը Մեհթիևի լիազորությունները 1 տարով դադարեցրել է այն հիմնավորմամբ, որ փաստաբանը ԶԼՄ-ներին է փոխանցել իր պաշտպանյալ «Ադրբեջանի միջազգային բանկ»-ի նախկին նախագահ Ջահանգիր Հաջիևի հարցազրույցի տեսագրությունը, որում Հաջիևը քննադատում էր ադրբեջանական իշխանություններին, մասնավորապես ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովին:

Ֆահրադդին Մեհթիևը իր նկատմամբ կայացված որոշումն անհիմն է համարել և նշել, որ տեսագրությունը ԶԼՄ-ներին փոխանցելու իր քայլի մեջ առհասարակ ոչ մի անօրինականություն չի եղել:

«Ես մեղադրվում եմ Հաջիևի հարցազրույցը ԶԼՄ-ներին տրամադրելու մեջ, սակայն դրանում անօրինականություն չկա»,-նշել է փաստաբանը:

Սա Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիայի կողմից ընդդիմադիրների գործերով զբաղվող փաստաբանների լիազորությունները դադարեցնելու առաջին դեպքը չէ, վերջին մի քանի տարիներին այս ճանապարհով ասոցիացիայից հեռացվել են բազմաթիվ փաստաբաններ:

 


© 2009 ARMENPRESS.am