Ազգային արխիվը ՀՀ առաջին հանրապետության սպաներին նվիրված հանրագիտարան է հրատարակելու

16:19, 22 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արխիվը Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ կհրատարակի 4 աշխատություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ առաջին աշխատությունը լինելու է հանրագիտարանի տեսքով:

«Հանրագիտարանը նվիրված է լինելու Հայաստանի առաջին Հանրապետության սպաներին: Ներկայացվելու է ինչպես նրանց մասին անձնական տեղեկատվություն, այնպես էլ, նրանց անցած ուղին: Այսինքն, թե ինչ դեր են ունեցել ճակատամարտում,  թե ինչպես են հայ զինվորները դիմադրություն ցույց տվել թուրքերին: Մոտավոր 2500-3000 սպայի մասին է խոսքը: Ի դեպ, նրանց մեծ մասը հետագայում գնդակահարվել է»,-ասաց Ամատունի Վիրաբյանը: Նրա խոսքով, հանրագիտարանը լինելու է ռուսերեն, որովհետև բոլոր փաստաթղթերը ռուսերեն են:

Հաջորդ ժողովածուն նվիրված է լինելու Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքական պատմությանը` ըստ փաստաթղթերի: Այդպիսի մի ժողովածու Ազգային արխիվը տպագրել էր 2001 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, և ընդամենը 100 օրինակով: Այժմ այն ներկայացվելու է վերափոխված ու լրացված, ներառվելու են աշխարհի տարբեր արխիվներից ձեռքբերված փաստաթղթեր: Ամատունի Վիրաբյանը նշեց, որ այդ փաստաթղթերը չեն մեկնաբանվելու, պարզապես ներկայացվելու են:

Հաջորդ ժողովածուն նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության անկախության, Առաջին համաշխարհային պատերազմի  տարիներին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դերին:

«Փաստաթղթերով ներկայացնելու ենք, թե ինչպես է եկեղեցին հսկայական դեր կատարել այդ տարիներին: Մեկ օրինակ ներկայացնեմ. Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսը պատերազմի տարիներին հայտարարեց, որ էջմիածինը չի հանձնվելու: Ինքը պատրաստ է զոհվել խորանի առջև: Թեպետ հայ պաշտոնյաները գնացել էին նրան համոզելու, որ տեղափոխվի, սակայն կաթողիկոսը չի փոխել իր որոշումը: Դա մեծ դեր կատարեց զինվորի թիկունքը պահելու գործում: Ահա այդ նյութերը ցույց ենք տալու»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:

Հաջորդ ժողովածուն` նվիրված է Կովկասյան ռազմաճակատին, որը լույս է տեսնելու Մոսկվայում: Շնորհանդեսը կազմակերպվելու է Մոսկվայում և Երևանում: Այդտեղ ներկայացված են փաստաթղթեր Մոսկվայի, Թբիլիսիի, Երևանի ազգային արխիվներից: Ամատունի Վիրաբյանի խոսքով, ներկայացվելու են, ոչ միայն ռազմական գործողությունները, այլև խաղաղ բնակչության նկատմամբ թուրքական իշխանությունների քաղաքականությունը:


© 2009 ARMENPRESS.am