Ամուլսարում թթվային ապարների դրենաժից շրջակա ջրային համակարգերի վրա բացասական ազդեցությունը կկանխվի. միջազգային փորձագետ

10:44, 22 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թթվային ապարների դրենաժի կառավարման ժամանակակից մեթոդներից առաջնայինը աղտոտման կանխարգելումն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ամերիկյան Global Resource Engineering ընկերության փորձագետ, կանադական օրենսդրության համապատասխան որակավորված մասնագետ (QP) Լարրի Բրեքենրիջը և մեկնաբանեց Ամուլսարի տարածքում թթվային ապարների դրենաժի բացասական ազդեցության մասին բոլոր խոսակցությունները:

-Պարոն Բրեքենրիջ, խնդրում եմ նախ ներկայացրեք, թե ի՞նչ է թթվային ապարների դրենաժը, և արդյոք սա հենց Ամուլսարի՞ն հատուկ խնդիր է:  

-Թթվային ապարների դրենաժը բնության մեջ առկա երևույթ է, որը հատուկ է որոշակի տեսակի ապարների: Բնության մեջ առկա որոշ միներալներ, սուլֆիդներ, թթվածնի և ջրի հետ շփումից թթու են արտադրում: Հանքարդյունաբերությունը արագացնում է այս գործընթացը, քանի որ ապարները շփման մեջ են մտնում թթվածնի և ջրի հետ: Սա համատարած խնդիր է ամբողջ աշխարհում և միայն ոսկու հանքավայրերին կամ միայն Հայաստանին կամ միայն Ամուլսարին չէ, որ հատուկ է: Աշխարհում թթվային դրենաժի կառավարման բազմաթիվ ժամանակակից մեթոդներ են կիրառվում: Այս տեխնոլոգիաները հաջողությամբ լուծել են խնդիրը աշխարհի շատ գործող հանքերում: Ցավոք, նախկինում հանքարդյունաբերական ընկերությունները ջանքեր չեն գործադրել խնդրի լուծման ուղղությամբ, և սրա արդյունքում հանքարդյունաբերությունը վատ համբավ է ձեռք բերել աշխարհում:  Այսօր, սակայն, շատ երկրներում օրենսդրորեն պահանջվում է, որ հանքարդյունաբերական ընկերությունները կիրառեն թթվային ապարների դրենաժի կառավարման ժամանակակից մեթոդներ: Սա նաև  շատ միջազգային վարկատու կազմակերպությունների պահանջ է: Օրինակ՝ այն ֆինանսական հաստատությունները, որոնք «Լիդիանի» ներդրողերն են, պահանջում են կիրառել նման ժամանակակից մեթոդներ: Ես ինքս աշխարհի տարբեր հանքարդյունաբերական ծրագրերում թթվային ապարների դրենաժի կառավարման 20  տարվա փորձ ունեմ:   

-Այդուհանդերձ, վերջերս հրապարակված զեկույցներում, որոնք գրվել էին ծրագրի սփյուռքահայ քննադատ Հ. Բրոնոզյանի պատվերով, ասվում է, որ թթվային դրենաժը կարող է բացասական ազդեցություն ունենալ Ամուլսարի շրջակայքի բոլոր ջրային ռեսուրսների վրա: Նման մտահոգությունն արդարացվա՞ծ է:

-Իրականում, ժամանակակից, լավ կառավարվող հանքերն ամբողջ աշխարհում կիրառում են այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվելու են Ամուլսարում և դրանք ապահովում են շրջակա ջրային և հողային ռեսուրսների արդյունավետ պաշտպանություն: Այսօր հնարավոր է շահագործել և փակել հանքերը առանց թթվային ապարների դրենաժի բացասական հետևանքների: Այս տեխնոլոգիաները շատ արդյունավետ են: Սակայն, ինչպես արդեն ասացի, տասնամյակներ առաջ հանքերը որևէ միջոցառում չէին իրականացնում թթվային դրենաժը կանխարգելելու և կառավարելու ուղղությամբ, և այս վերաբերմունքի արդյունքում երկարատև բնապահպանական ազդեցություններ էին ի հայտ գալիս աշխարհի շատ հանքերում: Այս առումով, իհարկե, կարելի է հասկանալ մարդկանց մտահոգությունները: Այդուհանդերձ, այն փորձագետները, ովքեր հանքարդյունաբերության բնապահպանական ժամանակակից տեխնոլոգիաներին ծանոթ են, տեղյակ են, որ կան թթվային ապարների դրենաժի խնդրի լուծման բազմաթիվ նոր գիտական մեթոդներ: Ժամանակակից մեթոդների հիմքում առաջնահերթ աղտոտման կանխարգելումն է, ինչը բնապահպանական տեսանկյունից շատ ավելի ընդունելի է: «Լիդիանն»  ընտրել է հենց այս մոտեցումը:  

-Քննադատական զեկույցների հեղինակները պնդում են նաև, որ «Լիդիանը»  չի խոսել թթվային ապարների դրենաժի խնդրի մասին: Նրանք ասում, են, որ «Լիդիանը» պնդում է, թե Ամուլսարի հանքաքարը օքսիդացված է, և թթվային դրենաժի խնդիր չկա: Ի՞նչ կասեք այս մասին:

-Սկսենք կարևոր պարզաբանումից: Ամուլսարի հանքաքարն իսկապես լիովին օքսիդացված է, և թթվային ապարների դրենաժի խնդիրը ոչ թե հանքաքարում է, այլ դատարկ ապարներում: Դրանք արդյունահանվող մետաղ չպարունակող ապարներն են, որոնք պետք է հանվեն՝ հանքաքարին հասնելու համար: Դատարկ ապարների մի մասը թթվային դրենաժ առաջացնելու պոտենցիալ ունի, և «Լիդիանը»  այս փաստը արձանագրել է իր բոլոր համապատասխան հրապարակային փաստաթղթերում: «Լիդիանը» նաև հրապարակել է, որ Ամուլսարում այս խնդիրը լիովին կառավարելի է: Պատճառներից մեկը հենց այն է, որ հանքաքարում թթվային դրենաժի ռիսկ չկա, և խնդիրը միայն դատարկ ապարների մի մասն է: Մենք ողջունում ենք ցանկացած բանավեճ, սակայն ակնկալում ենք, որ այն հիմնված կլինի փաստերի վրա: Ձեր նշած զեկույցների հեղինակները Ամուլսարում չեն եղել և այնտեղ երբևէ հետազոտություն չեն անցկացրել: Նրանց զեկույցները հիմնված են հենց «Լիդիանի»   հետազոտությունների վրա: Հետևաբար՝ Ամուլսարի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը համապարփակ տեղեկություններ է պարունակում թթվային դրենաժի ուսումնասիրությունների վերաբերյալ և Լիդիանը շատ թափանցիկ է ներկայացրել այս խնդիրը: Այս հետազոտությունները նաև պարունակում են թթվային ապարների դրենաժի կառավարման մանրամասն պլան և բացատրում են, թե ինչպես է խնդիրը կառավարվելու:

-Իսկ ինչպե՞ս է այն կառավարվելու, որո՞նք են այդ մեթոդները:

-Ժամանակակից մոտեցումը առաջին հերթին աղտոտման կանխարգելումն է: Այս մոտեցման առաջին քայլը թթվային ապարների դրենաժի կանխարգելումն է: Այսպես, շատ հանքեր կիրառում են կապսուլավորման մեթոդը: Դատարկ ապարների այն մասը, որը թթվային դրենաժի պոտենցիալ ունի, կծածկվի: Այսինքն՝ կկապսուլավորվի այն ապարներով և հողով, որոնք թթվային դրենաժ առաջացնելու պոտենցիալ չունեն: Սա կմեղմացնի տեղումների ներթափանցումը դեպի դատարկ ապարներ: Առանց ջրի ներազդեցության թթվային ապարների դրենաժ չի առաջանում: Ի լրումն այս մեթոդի կանխարգելման՝ տեղադրվում են հատուկ ջրահավաք մեխանիզմներ, որոնք բաղկացած են խողովակներից և ջրի կուտակման ավազաններից: Դրանք հենց հիմա կառուցվում են Ամուլսարում, և այս համակարգերը հավաքելու են հանքի ենթակառուցվածքների հետ շփվող, այսպես կոչված, կոնտակտային ջուրը, և այն ամբողջությամբ օգտագործվելու է տեխնոլոգիական պրոցեսում: Սա նշանակում է, որ այն բոլոր ջրային հոսքերը, որոնք որևէ կերպ կարող էին ազդեցություն կրել հանքից, բաց չեն թողնվի շրջակա միջավայր: Հետևաբար, շրջակա ջրային համակարգերի որակի վրա բացասական ազդեցությունը կանխվում է: Եվ վերջապես, որպես լրացուցիչ միջոց կտեղադրվի նաև պասիվ մաքրման ժամանակակից համակարգ, որը կմաքրի հանքի տարածքից հոսող ցանկացած ջրային հոսք հանքարդյունաբերության ավարտից հետո:

-Այս մեթոդը կիրառվե՞լ է նախկինում որևէ երկրում:

-Այո, սա փորձված և հաջողված մեթոդ է: Թթվային ապարների դրենաժը աշխարհում տարածված խնդիր է, և դրա կառավարման ժամանակակից մեթոդների շուրջ տասնյակ գիտական կոնֆերանսներ և գիտաժողովներ են անցկացվում: Այս մեթոդները, որոնք նկարագրեցի, գիտական հիմքի վրա  մշակված մեթոդներ են, որոնք կիրառվում են ժամանակակից հանքերում: Կան հանքեր, որոնք 20 տարի առաջ են փակվել, մենք վերադարձել ենք ուսումնասիրելու այդ տարածքները և տեսել ենք, որ դրանք մաքուր են, այսինքն՝ կապսուլավորման մեթոդը արդյունավետ աշխատում է պատշաճ փակված հանքերում: Այն մեթոդը, որ մենք նախագծել ենք Ամուլսարի համար, հաջողությամբ աշխատում է Պերուում, Բրազիլիայում, Միացյալ Նահանգներում և այլուր:

-Այդ դեպքում, ո՞րն է պատճառը, որ քննադատական զեկույցների հեղինակները չեն համաձայնվում ձեր փաստարկների հետ:

-Ինձ համար դժվար է բացատրել այլոց շարժառիթները: Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ այս զեկույցների հեղինակները երբեք Ամուլսարում չեն եղել: Տեղանքի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու համար կարևոր է անմիջական շփումը տեղանքի հետ:

Ես ուզում եմ ընդգծել, որ իմ նկարագրած մեթոդները տեխնիկական, գիտական գործընթացներ են: Որպես գիտնական՝ մեր պարտավորությունն է բացատրել, թե ինչպես են ժամանակակից մեթոդները հանքարդյունաբերության մեջ օգնում լուծել բնապահպանական խնդիրները: Մենք ողջունում ենք քննադատությունը և դիտողությունները, քանի որ դրանք ստիպում են, որ մենք լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի ավելի մատչելի լեզվով բացատրենք, թե ինչ ենք անում:    Սակայն կարևոր է, որ քննարկումը մնա գիտական մակարդակի վրա, մինչդեռ Ամուլսարի քննադատները հաճախ խառնում են գիտական և զգացմունքային փաստարկները: Հանքարդյունաբերությունն ամբողջ աշխարհում շարունակվելու է գալիք տասնամյակներում: Ավելին, վերականգնվող էներգետիկան՝ արևային մարտկոցները, քամու տուրբինները, ինչպես նաև էլեկտրական մեքենաները գնալով ավելի շատ մետաղի արդյունահանում են պահանջելու: Հանքարդյունաբերությունը մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասն է՝ մեքենաներ, համակարգիչներ, հեռախոսներ, էլեկտրոնիկա, բժշկական սարքավորումներ, գրիչներ, մկրատ և դանակ, գրեթե ամեն ինչ: Հետևաբար՝ էմոցիոնալ փաստարկին, թե մենք հանքարդյունաբերություն չենք ուզում, հնարավոր չէ գիտական փաստարկով պատասխանել: Սակայն գիտությունը հետևողականորեն տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչպես պետք է հանքարդյունաբերությունն ավելի անվտանգ դարձնել շրջակա միջավայրի համար: Եվ այս հարթակում ես պատրաստ եմ պաշտպանել այն գիտական մեթոդները, որոնք մենք ներկայացրել ենք: Դրանք հաջողությամբ աշխատել են այլ ծրագրերում և արդյունավետ կլինեն նաև Ամուլսարում: Հենց այս նպատակով էի ես այս շաբաթ այստեղ: Ես իմ ողջ պրոֆեսիոնալ կարիերան նվիրել եմ հանքարդյունաբերական ծրագրերը ջրային ռեսուրսների համար անվտանգ դարձնելուն: Ես գիտեմ, որ դա հնարավոր է և սիրով ընդունում եմ ցանկացած հնարավորություն բացատրելու, թե ինչպես է դա արվում:

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

© 2009 ARMENPRESS.am