Արագության գերազանցումն ու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը ծանր հետևանքով ավտովթարների հիմնական պատճառներն են

15:37, 20 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության կողմից կատարված վիճակագրությունն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնականում ծանր հետևանքով պատահարների պատճառ են դառնում սահմանված արագության գերազանցումն ու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արագության գերազանցման համար կազմվել է 18161 վարչական արձանագրություն, որն արձանագրությունների ուղիղ կեսն է: Հայտնաբերվել է 281 անսթափ վարորդ»,- նշել է Ահարոնյանը։

Նրա խոսքով՝ Ճանապարհային ոստիկանությունը, ի թիվս երթևեկության կանոնների այլ խախտումների, հետևողական է հատկապես այս դեպքերը կանխելու և բացառելու ուղղությամբ:

«Ծանր պատահարների ողբերգական հետևանքները կարելի է նվազագույնի հասցնել, եթե վարորդներն ու ուղևորները չխուսափեն ամրագոտիներ կապելուց: Ցավոք, երթևեկության մասնակիցների մի զգալի հատված շարունակում է անտեսել ճանապարհային ոստիկանության հորդորն ու պահանջը, որն ուղղված է իրենից իսկ անվտանգության ապահովմանը»,- գրել է Ահարոնյանը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը նշել է, որ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է լինելու երթևեկության կանոնների ոչ միայն վերոհիշյալ, այլև ցանկացած խախտում արձանագրելու և օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու հարցում, սակայն երթևեկության մասնակիցներն էլ պետք է գիտակցեն,որ առաջին հայացքից թեթև թվացող խախտումն անգամ կարող է առողջություն, նույնիսկ կյանք արժենալ իր կամ համաքաղաքացու համար:

«Ճանապարհային ոստիկանությունն ակնկալում է քաղաքացիների գիտակից ու գործուն աջակցությունը երթևեկության անվտանգության ապահովման գործում»,- եզրափակել է Ահարոնյանը։  


© 2009 ARMENPRESS.am