Պետական մրցանակի արժանացած ճարտարապետները երազում են իրենց ուրույն խոսքն ասել եկեղեցաշինության ոլորտում

19:02, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետներ Սարգիս Սարդարյանն ու Ռուզաննա Մամյանը, ովքեր ճարտարագետ Լևոն Ազնավուրյանի (հետմահու) և շինարար Սուրեն Հակոբյանի հետ ստացել են պետական մրցանակ, զգացված են իրենց աշխատանքի նման գնահատականից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարգևատրումից հետո դափնեկիրները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ փորձել են իրենց աշխատանքը կատարել պրոֆեսիոնալ ձևով` չակնկալելով որևէ պարգև:

Կառույցը, որը նախագծելու և կառուցելու համար տրվել է պետական մրցանակը, Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնն է: Ռուզաննա Մամյանի խոսքով` այն առանձնանում է յուրահատուկ մոտեցմամբ, համարձակ ճարտարապետական լուծումներով, ներքին հարդարմամբ: «Այստեղ մարդն իրեն պետք է ավելի վստահ զգա, ավելի անկաշկանդ, որպեսզի ավելի արագ ապաքինվի: Հետաքրքիր միջավայր է, ուր, կարծում եմ, կփոխվեն նաև բժիշկների ու հիվանդների հարաբերությունները»,-ասաց կին ճարտարապետը:

Հարցին ի պատասխան, թե ինչ կառույց են երազում առաջիկայում ստեղծել` Սարգիս Սարդարյանն ասաց. «Ուզում ենք եկեղեցի կառուցել, բայց ոչ այնպիսին, որ այսօր է կառուցվում է, ուզում ենք ժամանակակից խոսք ասել այդ բնագավառում: Մտքեր կան, ուղղակի հասարակությունը դեռ պատրաստ չի լինի դրան»:

Հունվարի 19-ին պետական մրցանակների են արժանացել մի խումբ արվեստագետներ և գիտնականներ: Գրականության և հրապարակախոսության ոլորտում պեըական մրցանակի է արժանացել Գուրգեն Խանջյանը «Տուր ձեռքդ, պստլո» վեպի համար: Արվեստի բնագավառում 2017 թվականի պետական մրցանակի են արժանացել նաև կոմպոզիտոր Էդուարդ ՀայրապետյանըԿոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ»), «Կյանք ու կռիվ» խաղարկային ֆիլմի ստեղծագործական թիմի մի խումբ անդամներ` ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, օպերատոր Վահագն Հակոբյանը, դերասան Սամվել Թադևոսյանը, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանն ու Կարեն Ղազարյանը: Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում 2017 թվականի պետական մրցանակ է շնորհվել Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն համալիրի համար ճարտարապետներ Սարգիս Սարդարյանին, Ռուզաննա Մամյանին, ճարտարագետ Լևոն Ազնավուրյանին (ետմահու), շինարար Սուրեն Հակոբյանին:

 


© 2009 ARMENPRESS.am