Արարատի մարզում գրանցված հանցագործություններն ավելացել են

19:57, 18 Հունվար, 2018

ԱՐՏԱՇԱՏ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում 2017 թվականին գրանցվել է  հանցագործության 1233 դեպք, նախորդ տարվա 1225  դիմաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:

«Արարատի մարզում 2017 թվականին հանցագործությունները նախորդ տարվա համեմատ ավելացել են 8 դեպքով: Գրանցված դեպքերից 1117-ը բացահայտվել և համապատասխան քրեաիրավական գնահատական են ստացել, իսկ 116 դեպք դեռևս մնում են չբացահայտված:  Այսինքն`նշված դեպքերից 90.6 տոկոսը բացահայտվել է, նախորդ տարվա 87.8 տոկոսի համեմատ»,- ասաց Հովհաննիսյանը:

Մարզում գրանցված դեպքերից 268-ը միջին ծանրության հանցագործություններ են, 154-ը՝ ծանր, իսկ 8-ն՝ առանձնապես ծանր հանցագործություններ:

«2017 թվականին Արարատի մարզում արձանագրվել է սպանության 4 դեպք, նախորդ տարվա 2 դեպքի դիմաց: Դրանցից մեկը կարճվել է հանցագործության դեպքերի բացակայության հիմքով, մյուսը դեռևս մնում է չբացահայտված»,- նշեց Հովհաննիսյանը:

Արարատի մարզում գրանցվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 99 դեպք, նախորդ տարվա 90-ի դիմաց:

«2017 թվականին  գրանցվել է սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների 13 դեպք, 2016 թվականի 8 դեպքի դիմաց: Նշված հանցագործություններից ընդամենը մեկ դեպք չի բացահայտվել և այս պահին գտնվում է քննության փուլում»,- ասաց Հովհաննիսյանը:


© 2009 ARMENPRESS.am